ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Այսօր՝ օգոստոսի 25-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է նախօրեին հիվանդանոց տեղափոխված, Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի բնակիչ 61-ամյա Վալեր Մարգարյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է։ Դատաբժիշկն էլ հայտնել է, որ Վ. Մարգարյանը մահացել է խեղդվելու հետևանքով։
Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքից Ոստիկանության Նաիրիի բաժին է բերման ենթարկվել 31-ամյա Հովակիմ Ղանդիլյանը, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ իր բնակարանում նախ ծեծի է ենթարկել Վ. Մարգարյանին, այնուհետև խեղդամահ արել։
Կայքը հայտնում է, որ մահացածը ՌԴ քաղաքացի էր։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ Նաիրիի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։
Կասկածյալ Հ. Ղանդիլյանը ձերբակալվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։