ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. «Ոսկան Երևանցի» ֆիլմի շնորհանդեսը կկայանա 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Լոնդոնում:
Ֆիլմը պատմում է եպիսկոպոս Ոսկան Երևանցու մասին, որի շնորհիվ 1666-1668 թվականներին Ամստերդամի Հայ Առաքելական եկեղեցու տպագրատանը հրատարակվեց հայերեն առաջին Աստվածաշունչ մատյանը։
Ֆիլմում նշվում է, որ հայերեն գրքեր տպագրվել էին դեռ 1512 թվականին Վենետիկում, սակայն Ոսկան Երևանցու հրատարակած Աստվածաշունչը հայ ժողովդրին համաշխարհային մակարդակի բարձրացրեց։
Ֆիլմի պրոդյուսերը հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանն է, ռեժիսորը` Հակոբ Փափազյանը, սցենարի հեղինակը` հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը։
Լոնդոնյան ցուցադրության կազմակերպիչը AGBU Հայկական բարեգործական ընդհանուր միությունն է։ «Ոսկան Երևանցի» ֆիլմը TES ստուդիայի և Մխիթարյան միաբանության համատեղ արտադրանքն է։

