ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի ու աբխազ երգչուհի Մակտինա Բեբիայի հարսանիքը կկայանա օգոստոսի 30-ին, Մոսկվայում։ Այս մասին Բեբիան պատմել է Sputnik Աբխազիային։
«Հարսանիքը Մոկվայում կտոնենք, ամենամտերիմների հետ։ Մենք չենք պլանավորում ավանդական հարսանիք անցկացնել, քանի որ ամուսինս հայ է, ու նրանք իրենց ավանդույթներն ունեն։ Դրա համար որոշեցինք, որ հարսանիքի ընթացքում պարզապես կհնչեն աբխազական ու հայկական երգեր», — ասել է երգչուհին։
Հարսանիքից հետո Միհրանն ու Մակտինան կգնան Աբխազիա՝ աբխազական ավանդույթներով հարսանիք անցկացնելու։
Միհրան Հարութոյւնյանն ու Մակտինա Բեբիան ծանոթացել են 2017թ.-ի հունվարին, մոսկովյան ռեստորաններից մեկում։
«Մենք ընդհանուր ընկերներ ունեինք։ Հունվարին Մոսկվա էի եկել, ընկերուհիներիս հետ հանդիպեցինք ռեստորանում, ուր եկավ նաև Միհրանը: Այդպես էլ ծանոթացանք», — պատմել է Մակտինան։
Մարտի վերջին Միհրանը Մակտինային ամուսնության առաջարկություն է արել։
«Ես Մոսկվա էի եկել երգ ձայնագրելու։ Ու այդ ընթացքում Միհրանի ծնունդն էր։ Երբ նա իմացավ, որ ես Մոսկվայում եմ, հրավիրեց իր ծննդյան տոնին մասնակցելու», — ասում է Բաբիան։
Մակտինան չէր մտածում, որ Միհրանը կարող է իրեն առաջարկություն անել։
«Նա վաղուց էր մատանին գնել։ Ուզում էր՝ ապրիլին նշանվենք։ Բայց այդ երեկոյի ժամանակ մտափոխվեց ու որոշեց ինձ ամուսնության առաջարկություն անել։ Նա տուն գնաց՝ մատանու հետևից, իսկ ընկերները՝ ծաղիկների։ Ես դրա մասին պատկերացում չունեի», — խոստովանում է երգչուհին։
Նշանադրությունից հետո Միհրանն Instagram-ի իր էջում ընտրյալի հետ նկար էր տեղադրել ու գրել. «Ես բոլոր կանանց եմ հարգանքով վերաբերում, բայց նա ինձ համար յուրահատուկ է»։
Հարսանիքը չի փոխի նորապսակների պլանները։ Մակտինան մտադիր է շարունակել երգչուհու իր կարիերան, իսկ Միհրանը պատրաստվելու է Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին։
Հետագայում զույգը մտադիր է տեղափոխվել արտասահման։