ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում երեկ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ օգոստոսի 28-ին ավարտում է իր աշխատանքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ։ Այս մասին հայտնում է amerikayidzayn.com կայքը։
Հոգլանդն ասել է, որ իր տեղը կզբաղեցնի արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերը։
Ռիչարդ Հոգլանդի խոսքով` նա շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, աշխատել է Կիպրոսի և այլ հակամարտությունների կարգավորման գործում։
«Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում, կարծում եմ, Պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ»,–ասել է Հոգլանդը:
Նոր համանախագահն այժմ տիրապետում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ պատրաստ է ստանձնել պարտականությունները։