ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
2017թ. օգոստոսի 21-ին, ժամը 21:40-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային հատվածի ծակած-կտրած վերք, հետին անոթային գծով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1985թ.: Վերջինս հայտնել է, որ նույն օրը փողոցում իր պարանոցի շղթան գողանալու պահին փորձել է դիմադրել, որի ժամանակ էլ դանակահարվել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Տուժած քաղաքացին առայժմ ի վիճակի չէ ցուցմունքներ տալ։
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: