ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 21-ին, շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նորանոր իրագործումներ: Շնորհավորական հեռագիրը հրապարակել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Դուք մեր ճանաչված մտավորականներից և օժտված արվեստագետներից եք, որի տաղանդը դրսևորվել է արվեստի և գրականության ասպարեզներում:
Մարդկային էության ամենանուրբ եզրերը չեն վրիպում Ձեր ստեղծագործ հայացքից: Ձեզ հաջողվել է կերտել տպավորիչ կերպարներ, որոնք հայ թատրոնի և կինոյի տարեգրության նշանակալի էջերից են»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում:
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանը ծնվել է 1947 թվականին օգոստոսի 21-ին, Արթիկում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1967-1991 թվականներին աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։ 1990 թ. հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Լիբանան, Սիրիա, Կիպրոս)` լինելով թատերական բեմադրիչ, տեքստի հեղինակ, դերասան և գեղարվեստական ղեկավար: