Բոլոր ցածր կարգի էկոնոմ տեղերը փակ են, և այս պահի դրությամբ մենք ցածր կարգի տոմսեր չենք կարող ձեռք բերել ոչ մի ավիաընկերությունից. Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասում է «Ռիմա Թրավլ» տուրիստական ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը։
«Անգամ ամենամատչելի` Երևան-Կիև չվերթի տոմսերը հասել են 500 հազարի։ Իմ կարծիքով` ավիաընկերությունները ցածր կարգի բոլոր տոմսերը փակել են և եկել համաձայնության, որ միայն բարձր կարգի տոմսերը վաճառեն»,- նշում է նա։
Ըստ Խաչատրյանի` եթե տարիներ առաջ մարդը տոմսը ամրագրում էր և 3-5 օրվա ընթացքում կարողանում էր գնել տոմսը, այսօր ամրագրված տոմսերը մի քանի ժամվա ընթացքում դուրս են գալիս համակարգից։
Խաչատրյանը նշում է, որ ավիատոմսերի պատճառով վիճաբանություններ են ծագում քաղաքացիների և տուրիստական գործակալությունների միջև։ Քաղաքացիները չեն պատկերացնում, որ տուրիստական գործակալությունները կապ չունեն տոմսերի գների հետ։