ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Բարսելոնայում տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ դարձած ահաբեկչության կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
Ըստ նախագահի`այդ անմարդկային գործողությունները վերահաստատում են այն համոզմունքը, որ անհրաժեշտ է միասնական և վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը ահաբեկչության չարիքի և բռնության բոլոր դրսևորումների դեմ։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Բարսելոնայի կենտրոնում միկրոավտոբուսը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Ոստիկանությունը չեզոքացրել էր կասկածյալներից մեկին, մյուսին` ձերբակալել։
Ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն էր որակել։ Նախնական տվյալով` զոհվել է 13 մարդ, վիրավորների թիվը մի քանի տասնյակի է հասնում։