ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 1-ին ոմանք դպրոց կգնան թանկարժեք հագուստով, պայուսակներով ու գրենական պիտույքներով, մյուսները` նրանով, ինչին կբավարարի ծնողի գումարը. ասում է «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը` հավելելով, որ դրանով իսկ սեպտեմբերի 1-ն առավել ակնհայտ կդարձնի հասարակության սոցիալական բևեռացումն ու կազդի երեխաների հոգեբանության վրա։
«Երեխաները մեզանից ավելի սուր աչք ունեն, նրանք տեսնում են պայուսակի ֆիրման, մատիտների կոմպլեկտի ճոխությունը, կոշիկների, հագուստի տարբերությունները»,- ասում է Պողոսյանն ու առաջարկում` եթե տնտեսապես հնարավոր չէ լուծել հասարակության սոցիալական բևեռացման խնդիրը, ապա պետք է գոնե բարոյապես ստեղծել այնպիսի միջավայր, որը չազդի երեխաների հոգեբանության վրա։
Պողոսյանի հաշվարկով` դպրոցական հագուստի և պարագաների ամենահամեստ հավաքածուն գնելու համար անհրաժեշտ է 40-50 հազար դրամ։
Ի դեպ, անցյալ տարվա համեմատ մանկական հագուստի գինը Հայաստանում աճել է 7%-ով, գրենական պիտույքների գներն առայժմ չեն փոխվել։ Բայց բանախոսը չի բացառում, որ մինչև սեպտեմբերի 1-ը գները կբարձրանան։
«Որպես կանոն` թանկացումը այդ մոտ օրերին է լինում»,- ասում է նա։
Պողոսյանը ծնողի համար լրացուցիչ բեռ է համարում նաև դասագրքերի վարձակալության գումարները, որոնք 55 000 դրամ նվազագույն աշխատավարձ ունեցող երկրի համար բավական բարձր են։