ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհն այս պահին ընդգրկում է արգելոցի էական մասը, որը բնապահպանական առումով համարվում է չափազանց մեծ վնաս: Հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից։
Հրդեհն, ըստ նախարարության, վնասել է թե´ բուսական, թե´ կենդանական աշխարհին: Խոսրովի արգելոցը նաև էկոմիջանցքի բաղադրիչ էր, որն էական նշանակություն ուներ կենդանիների միգրացիայի համար։
Հրդեհված տարածքն ու հասցված վնասներն այս պահին հաշվարկվում են։ ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկայում կհրապարակվեն նաև նախնական տվյալները։
Իսկ մինչ այդ նախարարությունը վերլուծում է կատարվածի հնարավոր պատճառները։
«Լինելով պետական արգելոց, որտեղ օրենքի ուժով արգելված է որևէ գործողություն իրականացնել, մասնավորապես` խոտհունձ, հակահրդեհային բաժանարարների ապահովում, ժամանակի ընթացքում ձևավորվել է մի միջավայր, որը հրդեհի տեսանկյունից բարձր ռիսկային դաշտում է գտնվել», — հայտնել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Իսկ կատարված կանխարգելիչ միջոցառումները թույլ չեն տվել խուսափել հրդեհից։
«Եղած մարդկային, տեխնիկական հնարավորությունների սահմաններում բոլոր գործողությունները ձեռնարկվել են, սակայն տեղանքի առանձնահատկությամբ պայմանավորված անհնարին է եղել կանգնեցնել հրդեհը: Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ օդային տարածքից, որից հետո կհանգցվեն նաև մնացած հատվածները»,- ասել է նախարարը։
Օգոստոսի 12-ից արգելոցում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են։ Այսօր արդեն հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ՌԴ ԱԻՆ 2 ինքնաթիռները:
4 օր շարունակ հրդեհի դեմ պայքարում էին ՀՀ բնապահպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, փրկարարները, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի զինծառայողները, ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները, դեպքի վայր կամավոր մեկնած բնապահպան ակտիվիստներն ու քաղաքացիները, հարակից համայնքների բնակիչները: