ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. 2017 թվականի օգոստոսի 14-ին, ժամը 22:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Էդմոն Սեյրանի Հարությունյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Է. Հարությունյանը հրազենային վնասվածքն ստացել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 64 շենքին հարակից տեղանքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թվով 2 պարկուճ, 1 գնդակ և արնանման 2 հետք:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել` Էդմոն Հարությունյանին տուժող ճանաչելու մասին, առգրավվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն ընդունվելու պահին նրա հագուստները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնել՝ հանցագործության գործիքը, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: