ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Բարձր ջերմային ֆոնը, վատ սոցիալական պայմաններն ու անքնությունը երկրում բռնության ու ագրեսիայի աճի պատճառ են դարձել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը։
«Վերջին մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների շրջանում ագրեսիայի աճ է նկատվում, ինչն, առաջին հերթին, կապված է անտանելի շոգի հետ», – ասաց Խուդոյանը։
Նրա խոսքով` սոցիալական վատ պայմանների հետ մեկտեղ դա կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։ Ամեն մարդ չէ, որ հոգեպես կարող է դիմակայել շոգին։ Հոգեկան վիճակի վրա ազդում է նաև ոչ բարեկեցիկ կյանքը։
Ագրեսիայի աճը խթանող պատճառների թվում հոգեբանը նշեց նաև անքնությունը։
Անդրադառնալով Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի` մեծ աղմուկ հանած սպանության թեմային` Խուդոյանը նշեց, որ խորհրդականի կինը սպանությունը գործել է աֆեկտի պահին։
Արմավիրի մարզպետի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 25–ին, ժամը 23:30–ին Մյասնիկյան–Դալարիկ ճանապարհի երրորդ կիլոմետրում` «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում։
Քննչական կոմիտեի տվյալների համաձայն` 2017 թվականի առաջին կիսամյակում քննվել է ընտանեկան բռնության 215 դեպք, որից 127–ը` ծեծի, 5-ը`ընտանիքի անդամների սպանության, 11-ը` երեխաների հանդեպ բռնության դեպքեր են եղել։
Նախնական քննության փուլում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 115 անձ, որոնցից 60-ը՝ 18-35 տարեկան, 55-ը՝ 35 տարեկանից բարձր:
Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 161 անձ, որոնցից 8-ը՝ մինչև 12 տարեկան, 7-ը՝ 12-14 տարեկան, 10-ը՝ 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 81-ը՝ 18-35 տարեկան, 53-ը՝ 35 տարեկանից բարձր: