ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik, Աննա Վարդանյան. Արկերի պայթյուններին զուգահեռ Մարտակերտի շրջանի սահմանամերձ Մատաղիսում ավելանում է զբոսաշրջիկների ու արտասահմանյան ներդրողների հոսքը: 540 բնակիչ ունեցող Մատաղիսը հավակնում է դառնալ զբոսաշրջային գրավիչ կենտրոն, թեև Մատաղիսն ու հարևան Թալիշը 2016թ.-ի ապրիլին ռազմական գործողություններից ամենաշատը տուժեցին: Մատաղիսցիներին էլ պատերազմը ոչ թե վախեցեց, այլ ավելի զգոն ու պատրաստակամ դարձրեց:
«Հրաշալի բնություն ունեցող այս համայնքը ներդրողներին հետաքրքիր է և՛ զբոսաշրջության, և՛ ձկնաբուծության, և՛ հիդրոէներգետիկ հնարավորությունների զարգացման տեսանկյունից: Մատաղիսի ջրամբարի տարածքում նոր ներդրումներ են իրականացվել, որոնք զբոսաշրջիկների ու տեղացիների համար ժամանցի նոր հնարավորություններ են ստեղծել», — հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա` Արցախով հետաքրքրվող զբոսաշրջիկների թիվն այս տարի էականորեն աճել է, եթե չհամեմատենք պատերազմական 2016-ի, այլ անգամ 2015-ի հետ: Թիվն աճել է նաև եռամսյակային կտրվածքով նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Արցախցու հաղթական ոգին, հերոսական կամքն ու կանչող բնությունն ավելի հզոր են, քան պատերազմն ու հակառակորդի տարատեսակ զենք-զինամթերքը, որպեսզի հետ պահեն զբոսաշրջիկին Արցախ այցելել: Ուստի պատերազմին զուգահեռ Արցախով հետաքրքրվողների ու այս հերոսական հողում ներդրումներ անողների թիվն աճում է: Անուններ հրապարակել տեղի իշխանությունները չեն պատրաստվում՝ ներդրողներին հակառակորդի սադրիչ գործողություններից ու միջազգային հարթակներում հակաքարոզչությունից զերծ պահելու համար: