ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի, Sputnik. Օգոստոսի 10-ի երեկոյան Վայոց ձորի անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են մինչև օգոստոսի 11-ի ուշ գիշեր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, ժամը 23:00-ի դրությամբ վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով ակտիվ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, բայց շարունակվել է իրականացվել հերթապահություն:
Օգոստոսի 12-ի ժամը 06:59-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։
Ժամը 20:00-ին հրդեհի վայրից օգնություն են պահանջել: Դեպքի վայր է մեկնել 2 օպերատիվ խումբ՝ 7 հրշեջ-փրկարարով, և 3 մարտական հաշվարկ: