ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Ոստիկանությունը շարունակում է իրականացնել «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը։
Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 10-ից 11-ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3047,3 կգ կանեփի և 14 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 1 հողամասից հայտնաբերվել է կանեփի 105 բույս:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող, 3 հրազեն, 2 նռնականետ, տարբեր տրամաչափի 182 փամփուշտ, 1 նռնակ, 41 նռնակի պայթուցիչ, 4 փամփշտատուփ:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 4,97 գրամ «մարիխուանա», 0,39 գրամ «սփայս» տեսակի թմրամիջոցներ: