ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Խմելու ջրի գնի հնարավոր բարձրացումը կարող է վատ ազդեցություն ունենալ երկրի համաճարակային իրավիճակի վրա, այսօր լրագրողներին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը, որը Հայաստանի բնակչությանը ջուր է մատակարարում, մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի սակագինը 14,3 դրամով (գրեթե 8%) բարձրացնելու համար։
Բնապահպանները, Դանիելյանի խոսքով, վաղուց են պայքարում, որ ջրի կիրառումը լինի մարդու անօտարելի իրավունք, այլ ոչ թե ջուրը դիտարկվի որպես ապրանք։
«Ջրի մինիմալ քանակը, որն անհրաժեշտ է մարդուն խմելու և սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովելու համար, լինի անվճար, իսկ դրանից հետո գումար գանձել արդեն պրոգրեսիվ ճանապարհով», – ասաց Դանիելյանը։
Բնապահպանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացրած մոտեցումը, նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները չընդունեցին, իսկ բնակչության անապահով շերտերի համար խոստացված զեղչերն այդպես էլ իրականություն չդարձան։ Սակայն այդ հարցը կարևոր է ոչ միայն անապահով շերտերի, այլ նաև ողջ հասարակության համար, վստահ է բնապահպանը։
«Եթե նրանց համար չստեղծվեն նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններ, ապա հասարակությունը կարող է կանգնել համաճարակի տարածման խնդրի առաջ», – ասաց Դանիելյանը` հավելելով, որ սպառնալիքն իրական է, թեև նախադեպեր չեն եղել։
Մյուս կողմից, ջրամատակարարման համակարգի կորուստներն ահռելի են. տարբեր գնահատականներով` 60%–ից 80%։ Համակարգը, Դանիելյանի խոսքով, պետք է «կապիտալ նորոգվի»։
«Գուցե տնտեսապես ջրի սակագնի բարձրացումն արդարացված է, բայց սոցիալական ու էկոլոգիական առումով ընդհանրապես այդպես չէ: Պետությունը պետք է խառնվի, չի կարելի հենց այնպես համաձայնել «Վեոլիա ջրի» պահանջին։ Կարծում եմ` պետք է սոցիալական ու տնտեսական հետազոտություն անցկացվի», – ասաց Դանիելյանը։
Խոշոր բաժանորդների համար սակագինը ներկա 54 դրամից առաջարկվում է հասցնել 58,3 դրամի:
Ընդ որում`հունվարի 1-ից խմելու ջուրն արդեն իսկ թանկացել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բնակիչների համար։ Հայաստանում ընդունվել է միասնական սակագին`180 դրամ՝ 1 խմ դիմաց։
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագնի մասին հայտը պարտավոր է քննարկել և որոշում կայացնել առավելագույնը 90 օրվա ընթացքում:
«Վեոլիա ջուր»-ը ֆրանսիական «Veolia Generale des Eaux»-ի դուստր ձեռնարկությունն է։