ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Մեղրիում կստեղծվի նոր ազատ տնտեսական գոտի։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
Իրանի հետ սահմանին տնտեսական գոտու առկայությունը, հատկապես, կարևորվում է այն հանգամանքով, որ ԵԱՏՄ անդամ լինելով և առևտրի արտոնյալ ռեժիմ ունենալով ԵՄ–ի հետ, Հայաստանը կարող է գրավիչ լինել ԻԻՀ համար։
«ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտին կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու համար»,– ասվում է ՀՀ կառավաության որոշման հիմնավորման մեջ։
Ազատ տնտեսական գոտին կկառուցվի փուլային բնույթով։ Առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից հատվածը՝ նախանշելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները։
Ծրագիրը դիտակվում է, մասնավորապես, Սյունիք տարածաշրջանում զարգացման ենթատեքստում, կառավարության նիստի ավարտին լրագրողներին հայտնեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը։
«Իրանի նկատմամբ սանկցիաների վերացումից հետո կա որոշակի հետաքրքրության ալիք նաև Արևմտյան երկրների կողմից` դեպի Իրան առևտրային, ներդրումային ծրագրեր իրականացնելու։ Եվ այս կոնտեքստում, շեշտադրելով Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, Հայաստանը փորձում է դրական միջավայր ստեղծել, որպեսզի ընկերությունները հետաքրքրված լինեն տեղակայվել Հայաստանում, աշխատել Իրանում»,– ասաց փոխնախարարը։
Ներդրողներ դեռ չկան, քանի որ տնտեսական գոտին էլ առայժմ միայն թղթի վրա է, բայց փոխնախարարը լավատես է` դրանք կլինեն հենց որ տնտեսական գոտին իրողություն դառնա։