ԵՐԵՎԱՆ, 2 Օգոստոս — Sputnik. Տավուշի սահմանագոտում, Ոսկեվան գյուղի հարևանությամբ օգոստոսի 1-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել հենակետերի միջանկյալ տարածքում: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը:
«Գյուղին, բարեբախտաբար, վնաս չի եղել։ Կրակոցներից չոր խոտը բռնկվել էր, դրա հետևանքով նաև ականներ են պայթել: Ցերեկը ժամը 15:00-ին մոտերը հրդեհը սկսվեց, մինչև ուշ երեկոյան շարունակվում էր,պայթյուններ էին լսվում»,-ասաց Ալեքսանյանը:
Գյուղապետը նաև նշեց, որ թեպետ բերքի մեծ մասն արդեն հավաքել են, բայց գնդակոծությունների և կրակոցների պատճառով դեռ հնարավոր չէ հավաքել վտանգավոր տարածքում գտնվող ցորենի դաշտերի բերքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին հակառակորդը կրակել էր հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի վրա ։