ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա. ամենաշոգ օրերը կլինեն օգոստոսի 6–ն ու 7–ը, այսօր լրագրողներին ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով` հուլիսը շատ թեժ էր Հայաստանի հարթավայրերում, մանավանդ` Արարատյան դաշտում, Տավուշում ու Սյունիքում։ Մոտ 15 օր օդի ջերմաստիճանը տատանվում էր 38–ից 41 աստիճանի շրջակայքում։ Հուլիսի 29–ին գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան. Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասել է 42,6–ի։ Այսպիսի ջերմաստիճան վերջին անգամ գրանցվել է 1986 թվականի հուլիսի 9–ին։
«Շատ շոգ է լինելու։ Պատճառն այն է, որ տվյալ պահին Իրաքի տարածքի ջերմային ցիկլոնը շարժվում է դեպի հյուսիս։ Վաղվանից այդ ցիկլոնը կշարժվի Կովկասի ուղղությամբ։ Կովկասի ու Հայաստանի տարածքը վաղվանից մինչև օգոստոսի 7–ը գտնվելու է այդ ջերմային ցիկլոնի ազդեցության տակ», – ասաց Սուրենյանը։
Այսպիսով` ամենաշոգ օրերը կլինեն օգոստոսի 6–ն ու 7–ը։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում և Արագածոտնի ու Վայոց Ձորի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի։
Հայհիդրոմետ ծառայության տվյալներով`Լոռում ջերմաստիճանը կլինի 36 աստիճան, Տավուշի հովտային գոտիներում 38–40 աստիճան։
«Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի, իսկ ցածրադիր վայրերում չի բացառվում, որ այն հասնի 42 աստիճանի: Նման ջերմաստիճանը կդիտվի նաև Մեղրիում, Ագարակում», – նշեց հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը։
Սուրենյանը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, նաև խուսափել զանգվածային միջոցառումներից ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Բացի այդ, անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր խմել։