ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանը մահացել է Կրասնոդարի Գորյաչիի Կլյուչ քաղաքում։
29–ամյա երիտասարդի մահվան մասին լուրը Facebook–ի իր էջում հրապարակել է Գորյաչիի Կլյուչ քաղաքի քաղաքապետ Իվան Ֆեդորովսկին։
«Գորյաչիի Կլյուչը կորցրել է հիանալի մարդու, տաղանդավոր մարզիկի. ջրահեղձ է եղել Սերգեյ Պետրոսյանը։ Նպատակասլաց և տաղանդավոր ծանրորդն իր վառ հետքը թողեց ռուսական սպորտում` մեծ հաղթանակների հասնելով»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Տեղական ԶԼՄ–ների հաղորդմամբ` Սերգեյ Պետրոսյանը հուլիսի 20–ին տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։
Կրասնոդարի շրջանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երիտասարդի դին հայտնաբերվել է հուլիսի 24–ին, Գորյաչիի Կլյուչի մերձակա գետում։
Տարվում է դատաբժշկական փորձաքննություն` մահվան հանգամանքները պարզելու համար։
Սերգեյ Պետրոսյանը 62 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել 2007 և 2008 թվականներին։