ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը մեծ ներուժ ունի լիամետրաժ մրցունակ ֆիլմեր արտադրելու առումով, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանն ԱՄՆ-ից։
Բաղդասարյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել։ Մշակույթի նախարարության և հայրենական կինոարտադրության ներկայացուցիչները նրա հետ մեծ հույսեր են կապում։ Նրանք կարծում են, որ Բաղդասարյանը ոչ միայն նոր կյանք կհաղորդի տեղում դոփող հայկական կինոարտադրությանը, այլև կկարողանա կարգավորել ֆիլմարտադրությունը։
«Մենք գրեթե զրոյից ենք կինոյի մասին օրենքը գրել։ 2014 թվականին ես Հայաստան ժամանեցի ֆիլմ նկարահանելու համար և իմացա, որ նման օրենք այստեղ չկա։ Իսկ օրենքը մենք գրել ենք` հիմնվելով կինոգործիչների կարծիքի, ինչպես նաև քաղաքացիների ճաշակի և նախասիրությունների վրա»,– ասաց Բաղդասարյանը։
Կինոյի մասին օրենքի վրա աշխատել են վեց ամիս։ Երկու շաբաթից տեղի կունենա օրինագծի բաց քննարկումը։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի զարգացման հաջորդ փուլը կլինի երիտասարդ սցենարիստների և ռեժիսորների ներգրավումը, այնպիսի ֆիլմերի ստեղծումը, որոնք ամոթ չի լինի աշխարհին ներկայացնել։ Իսկ դրա համար Հայաստանը բոլոր անհրաժեշտ միջոցներն ունի։
«Հայաստանում կլիմայական առումով չորս վառ արտահայտված տարվա եղանակ կա, ինչը կինոարտադրողներին հիանալի հնարավորություն է տալիս նկարահանումներ իրականացնել», – ասաց Բաղդասարյանը։
Կինոյի մասին օրինագիծը հավանության է արժանացել նաև հայրենական կինեմատոգրաֆիստների կողմից։ Նրանք կարծում են, որ օրենքը թույլ կտա նրանց ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները։
ԱՄՆ–ում բնակվող Բաղդասարյանը տարեկան մինչև երկու հոլիվուդյան ֆիլմերի պրոդյուսերությամբ է զբաղվում։ Նա աշխատել է նաև Եվրոպայում, Ասիայի երկրներում և Աֆրիկայում։ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կարծում է, որ Բաղդասարյանը հայ կինեմատոգրաֆիստների հետ միասին կկարողանա տարեկան 8-10 լիամետրաժ ֆիլմ նկարահանել։
«Մենք պետք է համամարդկային ֆիլմեր նկարահանենք, որոնք հասկանալի կլինեն բոլորին»,– ասաց Ամիրյանը։
Հայ կինոարտադրության մեջ արմատական փոփոխություններ նախաձեռնողների վերջնական նպատակն այն է, որ Հայաստանում համաշխարհային մակարդակի կինոներ նկարահանվեն։
Այսօր մեկ ֆիլմի արտադրության համար մշակույթի նախարարությունը կարող է հատկացնել 300 մլն դրամ, ևս 150 մլն դրամ` կինոարտադրողներին աշխատավարձ տրամադրելու համար։