ԵՐԵՎԱՆ, 28 Հուլիս — Sputnik. 27 տարի տարբեր երկրներում՝ Կամբոջա, Վիետնամ, Ուզբեկստան, Ղրղըզստան և շատ այլ երակներում դիվանագիտական ծառայությունն անցնելուց հետո Ալեքսանդր Կոպնինն արդեն մի քանի օր է ստանձնել է Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը: Դիվանագետը Գյումրի է եկել իր մեծ ընտանիքով՝ կնոջ ու 4 երեխաների հետ:
«Մի քանի օր է այստեղ եմ, դեռ շատ բան չեմ հասցրել տեսնել, բայց մինչև գալս շատ եմ կարդացել Հայաստանի մասին: Ավագ աղջիկս 15 տարեկան է, ինքն էլ տեղեկացված Հայաստանից: Այստեղ եմ եկել իմ մեծ ընտանիքով՝ ես, կինս ու 4 երեխաներս: Հրաշալի քաղաք է Գյումրին՝ հարուստ պատմություն ունի, մարդիկ էլ հյուրասեր ու բարի են: ՌԴ-ի համար Հայաստանն անչափ կարևոր գործընկեր է, կաշխատեմ այս ընթացքում արդյունավետ համագործակցել: Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու Հայաստանի հողի վրա»,-նշեց հյուպատոսը՝ հավելելով, որ պատրաստ է նաև օգտագործելով իր նախկին փորձն աջակցելու մարզին` ՌԴ-ում տարբեր գործարար կապեր ստեղծելու հարցում:
Շիրակի մարզպետը, ողջունելով հյուպատոսի այցը Հայաստան, հույս հայտնեց, որ Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի հետ ստեղծված կապը ավելի կխորանա:
«Հոսով եմ, Գյումրիում Ձեր աշխատանքը բավական արդյունավետ կլինի: Հայ-ռուսական կապը դարավոր է, իսկ Գյումրին նույնիսկ ժամանակին Ալեքսանդրապոլ է կոչվել: Հուսով եմ, որ Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի հետ համագործակցությունը կշարունակվի ու ավելի կխորանա»,-իր խոսքում նշեց Արթուր Խաչատրյանը:
Մարզպետը նորանշանակ հյուպատոսին առաջարկեց նաև միանալ հուլիսի 29-ին նշանակված համաքաղաքային շաբաթօրյակին, ինչն էլ դրական պատասխանի արժանացավ: