ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. «Վերածնունդ» 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Գյումրի են ժամանել աշխարհի 40 երկրի մի քանի տասնյակ երաժիշտ։
«Նրանք, ովքեր Գյումրի են ժամանում տարբեր երկրներից, տուն են վերադառնում` իրենց հետ տանելով Հայաստանի մի մասնիկը։ Հետագայում այդ աղջիկներն ու տղաները, հանրաճանաչ դառնալով, ակամա Հայաստանի մշակութային դեսպաններ են դառնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Նրա խոսքով` փառատոնը նաև ապահովում է տնտեսական ազդեցություն, նպաստում է Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը։ Այդ կարծիքի է նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը։
Գյումրի են ժամանել տարբեր երկրների երաժշտական հաստատությունների ներկայացուցիչներ. երկու պրոռեկտոր Մոսկվայի կոնսերվատորիայից, Գնեսինի անվան երաժշտության ռուսական ակադեմիայի, Աբու Դաբիի և Վիեննայի կոնսերվատորիաների ռեկտորները, և մի շարք այլ հայտնի երաժիշտներ։
Փառատոնի շրջանակներում համաշխարհային հայտնի դաշնակահար Էմիլ Գիլելսի ընտանիքը նվիրեց նրա կիսանդրին, որը Գյումրու կոնսերվատորիայի մասնաճյուղի համար պատրաստել էր քանդակագործ Գրիգորի Պոտոցկին։ Փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության հռչակման 25-ամյակին և Գյումրու պետական կոնսերվատորիայի մասնաճյուղի 20-ամյակին։ Փառատոնին իրենց աջակցությունն են ցուցաբերել տարբեր երկրների դեսպանատներ։ Փառատոնի ավարտին կկազմակերպվի «Մշակույթների երկխոսություն» XI միջազգային գիտաժողովը։
«Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնը անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։