Դիանա Հարությունյան, Sputnik.
Նա ընկել էր 4-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից, երբ փորձել էր ջրի գնացած մորը հետևել: Տանն այդ ժամանակ երեխան մենակ էր: Մեզ հետ զրույցում երեխայի մայրը պատմում է, որ անգամ չի պատկերացրել, թե նման բան կարող էր պատահել:
«Հատկապես, որ ընկած երեխան է հետաքրքրում»,-«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանի այս հարցը միանգամից սթափեցնում է:
Կոնկրետ Գորիսից տեղափոխված երեխայի վիճակն արդեն լավ է, ծանր վնասվածքները կյանքը չխլեցին։ Նման դեպքերում հիմնականում հակառակն է լինում:
2017 թ հուլիսի 9-ին Աբովյանում 3 տարեկան տղա երեխա է ընկել պատուհանից և մահացել:
2016 թ մարտի 27-ին Երևանում 3 տարեկան աղջիկ երեխա է վայր ընկել 7-րդ հարկից ու մահացել:
Ողջ են մնում հիմնականում նրանք, ովքեր ընկնելիս լվացքի պարանների, փռած շորերի են բախվում: Անկման ուժը թուլանում է, և վնասվածքները կյանքի հետ համատեղելի են լինում: Ողջ են մնում հիմնականում ամենափոքրերը` մինչև 5 տարեկան: Պատճառը մարմնի կշիռն է: Որքան թեթև, այնքան բախման ուժը քիչ: Դրան գումարած` փրկվում են, եթե շենքի բակում են շատ են կանաչ ծառերն ու գազոնները:
«Իհարկե, ծնողները չեն պատկերացնում: Իհարկե, չեն ուզում, որ իրենց երեխայի մատն անգամ փուշ մտնի, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդպիսի դեպքերը հիմնականում ծնողների անփութության հետևանք են»,- հոգեբան Միհրդատ Մադաթյանը մանկահասակ երեխաների պատուհաններից վայր ընկնելու հիմնական պատճառն է նշում:
Օրինակ` Միացյալ նահանգներում տարեկան 5000 երեխա է ընկնում պատուհաններից: Հիմնականում՝ տղաները: Երեխաների մեծ մասը պատուհանից ընկնում է, երբ ծնողները տանն են լինում, պարզապես այլ գործերով են զբաղված լինում: Երեխաները, մնալով մենակ, աթոռները կամ այլ կահույք որպես աստիճան են օգտագործում ու հասնում բաց պատուհանին: Պատուհանների պաշտպանիչ ցանցերը երեխաների մոտ ապահովության պատրանք են ստեղծում, ինչն իհարկե, իրական չէ: Հատկանշական է, որ ամենաշատն ընկնում են մինչև 5 տարեկանները: Սա այն տարիքն է, երբ ֆիզիկապես ունակ են գործողությունների, բայց չեն գիտակցում դրանց հետևանքները:
«Պատասխանատվություն երեխայի նկատմամբ, նշանակում է նաև որոշակի ռիսկերի կանխատեսում ու հնարավորինս անվտանգ միջավայրի ապահովում: Այլ տարբերակ չպետք է լինի, ծնող նշանակում է նաև անհարմարություններ սեփական անձի նկատմամբ: Կա տարիք, երբ երեխան տարվում է թռչող կինոհերոսներով, օրինակ՝ Սուպերմեն, Բեթմեն։ Ոչ մի դեպքում չպետք է խրախուսել երեխայի այդպիսի կախվածությունը: Հետևանքը դարձյալ անդառնալի կարող է լինել»,-զգուշացնում է Մադաթյանը:
Բժիշկները, հոգեբաններն ու փրկարարները մի ամբողջ շարք վարքականոններ են մշակել երեխային պատուհանից հեռու պահելու համար:
- Չթողնել երեխային մենակ սենյակում, եթե պատուհանը բաց է,
2. Հնարավորինս հեռու դնել կահույքը, որի միջոցով երեխան կարող է հասնել պատուհանին,
3. Տեղադրել պատուհաններն ամբողջությամբ բացելուն խոչընդոտող սարքեր,
4. Այնպես անել, որ պատուհանի տակ փափուկ կանաչապատ տարածք լինի,
5. Սովորեցնել երեխաներին, որ պաշտպանիչ ցանցերը ապահով չեն:
Հայաստանում հատուկ ուսումնասիրություն երեխաների ընկնելու թվի կամ պատճառների մասին չկա: Ոստիկանությունից էլ հայտնում են, որ այդպիսի յուրաքանչյուր դեպք առանձին քննության է ենթարկվում: Դժվար է անգամ ասել՝արդյոք ծնողներից որևէ մեկը պատասխանատվություն կրել է անփութության համար թե ոչ: Ի վերջո, ով կարող է ապացուցել՝ որտեղ է անփութություն-անտարբերության և դժբախտ պատահարի սահմանը: