ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտնում է Մեծամոր քաղաքում գործող հանցավոր խմբի բացահայտման մասին։ Ըստ ոստիկանության` խմբի գոյության մասին իրավապահներն իմացել են դեռևս հուլիսի սկզբին և սկսել հետևել դրա հնարավոր անդամներին։
Հուլիսի 18-ին ոստիկանները դարանակալել են Մեծամորի շենքեից մեկի բակում ու տեսել, թե ինչպես են երկու երիտասադ` գլխարկով ու ձեռնոցներով, դուրս գալիս ավտեմեքենայից և ճաղավանդակով մտնում բնակարան։
Ոստիկանության աշխատակիցները նրանց հետևից մուտք են գործել բնակարան ու գողության պահին բռնել և բերման ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին։ Ոստիկանությունից հայտնում են, որ բերման ենթարկվածներն են Գագարին գյուղի բնակիչներ` 1999թ–ին ծնված Արտավազդ Ղազարյանն ու 1995թ–ին ծնված Խաժակ Ոսկանյանը։ Ոստիկանությունը հայտնում է, որ հարցաքննության ժամանակ երիտասարդներն ասել են, թե իրենց գումար է պետք եղել։
Նրանցից բացի, գողություն անելու և գողությանն օժադակելու կասկածանքով, բերման են ենթարկվել նաև շենքի բակում կայանած ավտոմեքենաների մեջ թաքնված ևս 7 անձ` Արմավիրի բնակիչներ, 1988թ–ին ծնված Վոլոդյա Աբրահամյանը, 1990թ–ին ծնված Շիրազ Հակոբյանը, 1991 թ–ին ծնված Լևոն Սմբատյանը, 1993 թ–ին ծնված Կառլեն Հովսեփյանը, ինչպես նաև` Գագարին գյուղի բնակիչներ Հայկ Ավանեսյանը, Ալբերտ Համբարձումյանը և Մեծամորի բնակիչ Վռամ Շահինյանը։
Ի դեպ, ըստ ոստիկանության, Վռամ Շահինյանը մինչ այդ նաև ավազակային հարձակում է կատարել, ծեծել է մի տարեց կնոջ ու հափշտակել նրա մոտ եղած 100 000 դրամն ու ոսկե մատանին։
Լևոն Սմբատյանի մոտ և նրա վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից էլ խուզարկության ընթացքում հայտնաբերվել է թմրանյութի պես զանգված։
Ավտոմեքենաներից հայտնաբերվել են նաև տարբեր գործիքներ, բանալիներ, կեղծ համարանիշներ։
Ոստիկանությունը հայտնում է նաև, որ խմբի անդամները մինչ գողություն կատարելը մի քանի անգամ եղել են շենքի բակում, ուսումնասիրել դեպքի վայրը, ծրագրել հանցագործությունն ու դերաբաշխում կատարել։
Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։