Հայոց աշխարհ. «Հայի բախտ»
Ռուսաստանցի Մարկ Վարդանյանը ԱՄՆ–ում ազատազրկման է ենթարկվել։ Տեղեկության մանրամասները ներկայացնում է թերթը։
«Մարկ Վարդանյանն ազատազրկման է դատապարտվել համակարգչային վիրուսային ծրագիր մշակելու համար, որի օգնությամբ հաքերները մի շարք երկրների համակարգիչներից անձնական ու ֆինանսական ինֆորմացիա են գողացել։ Ըստ հետաքննության` նրա կողմից կատարելագործված Citadel վիրուսային ծրագրով 11 միլիոն համակարգիչ է վարակվել, պատճառված վնասը գնահատվել է մոտավորապես 500 միլիոն դոլար»,–գրում է թերթը։
Հայկական ժամանակ. «Մայիսին է որոշել»
Թերթի տեղեկություններով` 2017 թվականի հունվարին հակառակորդի կրակոցից զոհված կրտսեր սերժանտ Կարեն Ուլուբաբյանի ընտանիքին «1000 դրամների հիմնադրամ» ուշ են ընդգրկել։
«Ընտանիքը, որն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, չէր կարողացել վճարել Կարենի մոր` Կարինե Ուլուբաբյանի սրտի վիրահատության համար։ Վերջինը հուլիսի 16–ին մահացել էր։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017 թվականի մայիսի 2–ին է որոշել Ուլուբաբյանների ընտանիքին վճարել օրենքով սահմանված 70 միլիոն դրամը, որից 10 միլիոնը` միանվագ, մյուս հատվածը` 20 տարվա ընթացքում` յուրաքանչյուր ամիս 250 հազար դրամ»,–գրում է թերթը։
Հրապարակ. Ցայտնոտի մեջ են
Թերթն անդրադարձել է դատարաններում տիրող իրավիճակին։
«Դատական համակարգում ընկճախտ է սկսվել։ Ձերբակալությունների, «ժուչոկների», կոմպրոմատներ հավաքելու ֆոնին դատավորները դիսկոմֆորտի մեջ են։ Այս օրերին լուրեր ենք ստանում, որ մի շարք դատավորներ վերադարձնում են տարբեր գործերով ստացված կաշառք–գումարները և անգամ ցանկություն ունեն դիմում գրել ու դուրս գալ համակարգից։ Ոմանք մտածում են արտասահման մեկնելու, ուսանելու կամ բիզնեսով զբաղվելու մասին։ «Ամեն կողմից խեղդում են, էլ առաջվանը չէ, փող չկա մեջը, լիքը դատավորներ էսօր վարկերի տակ են, սրանից–նրանից 500–1000 դոլար պարտք են ուզում, հետն էլ հեղինակություն չկա, գործերը լիքը, շնչելու ժամանակ չկա»»,–գրում է թերթը։
Ժողովուրդ. «Ծանրաբեռնված են»
Թերթի դիտարկմամբ` «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով դատական նիստերը շարունակում են պատուհաս դառնալ այլ գործով կալանավորված անձանց և ընթացող մյուս դատավարությունների համար։
«Երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար «Լիա» գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատական առաջին նիստը։ Սակայն դատավորը հայտարարել է, որ ամբաստանյալները դատարան չեն բերվել ուղեկցող խմբի ծանրաբեռնվածության պատճառով»,–գրում է թերթը։