ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, որի ղեկավար «Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաընկերության ղեկավար Արթուր Ջանիբեկյանն է, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի տուն թանգարանը կբացի Ֆրեզնոյում։ Այս մասին նշված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
Սկզբնական փուլում կվերականգնվի գրողի տան արտաքին տեսքը։ Ֆրեզնոյի քաղաքապետարանի թույլտվությունից հետո արդեն մեկնարկել են նաև ներքին հարդարման աշխատանքները։
Սարոյանի տուն-թանգարան ստեղծելու գաղափարը ծնվել է 2015 թվականին։ Հենց նույն տարում էլ «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամը գնել է անմխիթար վիճակում գտնվող տունը։
Տուն-թանգարանն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և մշակութային տարբեր միջոցառումներ: