Արմենուհի Մխոյան, Sputnik.
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի բրոնզաձույլ հուշարձանի հեղինակը Սողոմոնի ոտքի տակ քանդակել էր Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթ փաշայի գլուխը, սակայն նրա մտահղացումն իրականություն չդարձավ: 4 մետր բարձրություն ունեցող հուշարձանի հեղինակ, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանը Sputnik Արմենիային պատմել է քանդակի ստեղծման պատմությունը:
Պետրոսյանն արձանը քանդակելիս օգտվել է ազգային արխիվում պահվող լուսանկարներից: Քանդակագործի արվեստանոցում մինչև այսօր էլ պահվում է արձանի կավե տարբերակը, որը լիովին արտացոլում է քանդակագործի մտահղացումը՝ Սողոմոնի ոտքի տակ Թալեաթի գլուխն է:
Արձանը ձուլելու ժամանակ ոճրագործի գլուխը ծածկվել է և Մարալիկում տեղադրվել ծածկված տարբերակը, թեև ուշադիր զննելու դեպքում ծածկոցի տակից երևում են Թալեաթի քիթը և վիզը:
«Նախնական գաղափարը բոլորի հավանությանն էր արժանացել, այդ թվում նաև՝ մասնագետների, սակայն երբ արձանն արդեն ուղարկվելու էր ձուլվելու, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պնդեց գլուխը փակել՝ ասելով, որ այդ տեսքով Եվրոպայի դուրը չի գա: Երբ արվեստի մեջ քաղաքական աստառ են տալիս, սիրուն չէ, — Sputnik Արմենիայի թղթակցին ասաց քանդակագործը՝ նշելով, որ գլուխը կրկին «բացելու» բոլոր հնարավորությունները կան:
Ըստ նրա՝ պետք է միայն վրայինը հանել, ու կրկին կլինի այնպես, ինչպես կավե արձանն է:
«Հարյուրավոր օրինակներ եմ պատրաստել, մինչև ստացել եմ իրական պատկերը՝ իրական Սողոմոնին արժանի»,- նշեց Սամվել Պետրոսյանը:
Քանդակագործը դեռ հուսով է, որ օրերից մի օր քանդակը կկանգնի այնպես, ինչպես ինքն է ստեղծել՝ ապացուցելու համար, որ ցանկացած ոճիր իր պատիժն է ստանալու:
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը Շիրակի մարզի Մարալիկ համայնքում բացվել է 2015 թվականի ապրիլի 22-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Մարալիկում Սողոմոն Թեհլերյանը կանգնած է գրանիտե պատվանդանին, ձեռքին՝ ատրճանակը: Սա հենց այն նույն ատրճանակի կրկնօրինակն է, որը Սողոմոնին էր տվել Ավետիք Իսահակյանը:
Թեհլերյանին նվիրված հուշարձաններ կան նաև Ֆրեզնոյում, Մաստարա գյուղում և Երևանում, սակայն Մարալիկում տեղադրվածն ամենամոնումենտալն է:
1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ Արձանի դեմքին հպարտություն ու վեհություն կա, աչքերում՝ հանգստություն, արժանի վրեժի հանգստություն՝ մի ողջ ազգի ու իր ընտանիքի 85 անդամներին, այդ թվում նաև հարազատ մորն ու եղբորը սպանած ոճրագործից վրեժ լուծած մարդու հանգստություն: Արձանն ասես նույն բառերն է մտածում, ինչ ասել է դատավարության ժամանակ. «Այո, ես սպանել եմ, բայց մարդասպան չեմ»: