ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առևտրի և սպասարկումների, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է քննարկել զվարճանքի օբյեկտների գործունեության կանոնակարգմանն առնչվող օրենքի նախագիծը և, համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ, ներկայացնել համապատասխան առաջարկներ ու ակտիվորեն մասնակցել օրենքի նախագծի մշակման աշխատանքներին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները, որոնք անհանգստություն են պատճառում մեր համաքաղաքացիներին»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Նա ընդգծել է` սա մեր հստակ դիրքորոշումն է, և բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը:
Քաղաքապետի խոսքով` տվյալ օբյեկտների տերերին կամ վարձակալներին կտան նաև ողջամիտ ժամանակ, որ իրենց օբյեկտները բազմաբնակարան շենքերի տարածքներից տեղափոխեն այլ վայրեր: