ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է անցած շաբաթ խորհրդարանի ներքին պալատի կողմից ընդունված օրենքի թեման, որն, ըստ նրա, անտեսում է «Հայաստանի քաղաքացիներին»։
Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ հայկական վարորդական իրավունքները Ռուսաստանում կընդունվեն, երբ ռուսաց լեզուն ՀՀ–ում պաշտոնական կարգավիճակ ստանա։
«Որոշումը, որն ընդունվել է, իսկապես, տարածվում է Ղրղըզստանի և Բելառուսի քաղաքացիների վրա, քանի որ այդ երկու պետությունների քաղաքացիները ճանապարհային երթևեկության կանոններն ուսումնասիրել են ռուսերենով։ Այս երկու երկրների քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանում վարորդ են աշխատում, հասարակական տրանսպորտային միջոց են վարում, և իհարկե, նրանք գիտեն կանոնները։ Աշխատանքում նրանց օգնում է ռուսաց լեզվի իմացությունը», – ասաց Վոլոդինը։
Բաբլոյանն իր հերթին նշել է, որ հայերը շատ լավ են տիրապետում ռուսերենին, և երկրում չկա որևէ դպրոց, որտեղ այն չդասավանդվի։
«Կարող եմ միայն մի բան ասել. այն (ռուսաց լեզուն) պաշտոնական դարձրեք, և այդժամ օրենքները ավտոմատ կերպով կտարածվեն նաև Հայաստանի հանրապետության վրա», – հայտարարեց խոսնակը։
Նա պարզաբանել է, որ որոշումն ընդունվում էր` հաշվի առնելով ուղևորների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, այստեղ տնտեսական բաղադրիչ չկա։
Հուլիսի 14-ին պետդուման երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց մի օրինագիծ, որը թույլ է տալիս Ղրղըզստանի քաղաքացիներին տրանսպորտային միջոցների հետ կապված աշխատանքային գործունեություն իրականացնել ՌԴ տարածքում` չունենալով ռուսական վարորդական իրավունք։ Այս նորմը նաև տարածվելու է այն պետությունների քաղաքացիների վրա, որոնք կամրագրեն ռուսերենը որպես պաշտոնական լեզու։