ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Վորոնեժի բնակիչ 30-ամյա Արթուր Հակոբյանն ամուսնության ինքնատիպ առաջարկ է արել «Լևի բերեգ» կինոթատրոնում։ Այս մասին գրում է ՌԻԱ Վորոնեժը։
Արթուրն իր 30-ամյակի կապակցությամբ գնել է «Մեքենաներ 3» մուլտֆիլմի առավոտյան ցուցադրության բոլոր տոմսերը և հրավիրել ընկերներին ու բարեկամներին։
Արթուրի սիրելին 25-ամյա Լիլիթ Ներսիսյանն է, որն ապրում է Բելգորոդում։ Նա Վորոնեժ է եկել, որպեսզի շնորհավորի երիտասարդին։ Աղջիկը կինոթատրոն գնալու ցանկություն չի ունեցել, բայց Արթուրը կարողացել է համոզել նրան` ասելով, որ իրենց հետ է լինելու նաև իր զարմիկը` Անրին։
Հյուրերը զբաղեցրել են իրենց տեղերը կինոթատրոնում։ Կես ժամ անց Արթուրն ու Լիլիթն են եկել։ Զույգը նստել է երրորդ շարքում։ Որոշ ժամանակ անց էկրանի լույսերը մարել են, և մուլտֆիլմի փոխարեն ցուցադրվել է մի տպավորիչ տեսանյութ, որի գլխավոր հերոսն Արթուրն է։ «Ֆիլմում» տղամարդը կռիվ է անում և փախուստի դիմում, իսկ վերջում ամուսնական մատանիով տուփ է գտնում։
Այդ պահին դահլիճում վառվել են լույսերը, և Արթուրն ամուսնության առաջարկ է արել Լիլիթին, մատին մատանի դրել ու նվիրել բարեկամների փոխանցած կարմիր վարդերի փունջը։
«Ես դրական պատասխան տվեցի Արթուրին։ Մենք հարմար զույգ ենք», — ասել է Լիլիթը։
Ի դեպ, ադամանդապատ ամուսնական մատանին հատուկ պատվերով պատրաստել էր հայաստանցի ոսկերիչներից մեկը։
Արթուրի ընտանիքը Ռուսաստան է տեղափոխվել 25 տարի առաջ, նրանք ծնունդով Կապանից են։ Լիլիթի հետ ծանոթացել են «ВКонтакте» սոցցանցի միջոցով, թեև փեսացուի մայրը ճանաչել է հարսնացուի մորաքրոջը։
«Ես ամեն շաբաթ գնում էի Բելգորոդ` Լիլիթին տեսնելու, իսկ իմ ծննդյան օրը նա էր եկել։ Ուզում էի ամուսնության ինքնատիպ առաջարկ անել նրան զարմացնելու համար։ Ծեծկռտուքով ու հետապնդումներով տեսանյութը մենք մի քանի ժամում ենք նկարահանել` իմպրովիզ էր։ Այնուհետև ընկերոջս` Ջաբրաիլի հետ մոնտաժեցինք այն, նա «Լևի բերեգ» կինոթատրոնի արտ-տնօրենն է։ Հենց նա էլ օգնեց, որ տեսանյութը ցուցադրվի մեծ էկրանին», —պարբերականը մեջբերում է Արթուր Հակոբյանի խոսքը։
Տղայի հայրը` Խաչիկ Հակոբյանը, խոստովանել է, որ իրեն շատ է դուր եկել տղայի մտահղացումը։ «Շնորհակալ եմ նրան, 25 տարի կինոթատրոնում չէի եղել», — կատակել է հայրը։
Արթուրն ու Լիլիթը հայկական մեծ հարսանիք կկազմակերպեն աշնանը։ Երիտասարդները պատրաստվում են ապրել Վորոնեժում։