«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Գագիկ Հարությունյանին
«Հրապարակ»–ի տեղեկություններով Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում։ 21 տարի այս աթոռը զբաղեցրած Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին պետք է հրաժեշտ տա պաշտոնին, քանի որ դառնում է 70 տարեկան։ Թեկնածուների թվում են Հրայր Թովմասյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ում 40-ամյակը կլրանա այս հոկտեմբերին և նոր Սահմանադրությամբ կբավարարի պահանջվող տարիքային շեմը։ «Նոր Սահմանադրությամբ՝ ՍԴ անդամ դառնալու համար թեկնածուն ոչ միայն պետք է 40 տարին բոլորած լինի, այլև մասնագիտական աշխատանքի 15 տարվա փորձ ունենա: Կոստանյանի աշխատանքային կենսագրությունը սկսվում է 1995-ից։ Նա իր նշանակման մասին հարցին ի պատասխան երեկ ասել է, որ «լուրեր» չի մեկնաբանում»,– գրում է թերթը։
«Փաստ». Արցախցին հոգեպես ավելի պինդ է, քան մենք այստեղ` Երևանում
«Փաստ» օրաթերթն Արցախում տիրող վիճակի շուրջ զրուցել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր–Թադեւոսյանի` Կոմանդոսի հետ, ով նոր է վերադարձել Արցախից։
Մարդկանց տրամադրությունների մասին հարցին նա պատասխանել է` մարտական: «Ընդամենը մի քիչ լարվածություն առաջացավ վերջին դեպքերի առնչությամբ: Իրավիճակը սրվեց ու կրակեցին հարավային թևի ուղղությամբ: Սակայն, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է, և արտառոց որևէ բան չկա ժողովրդի եւ՛ տրամադրության, և՛ ընկալումների մեջ: Ավելին ասեմ` զինվորականները հոգեպես ավելի պինդ են, քան մենք և դուք, այստեղ` Երևանում գտնվող մարդիկ»,– ասել է Կոմանդոսը,– «Ոչ մի խուճապ: Խուճապն այստեղ` Երևանում ենք ապրում: Արցախում շատ հանգիստ են, աշխատում ու ապրում են մարդիկ: Այն էլ ասեմ, որ հենց դա էլ հակառակորդի նպատակն է` Ալիևի տակտիկան նաև մեր ժողովրդին խուճապի մեջ գցելն է: Իսկ մենք դա պետք է հասկանանք ու այնպես անենք, որ ժողովուրդը խուճապի մեջ չընկնի: Եվ բանն այն է, որ ո՛չ միայն մեզ, նա ձգտում է խուճապի մեջ գցել նաև ի՛ր ժողովրդին, ի՛ր հասարակությանը»:
Արկադի Տեր–Թադևոսյանը նաև անհամաձայնություն է հայտնել հայկական կողմի այն մարտավարության հետ, որ,միշտ հանդես է գալիս միայն պատասխանողի դերում։ «Մենք սպասում ենք, որ մեզ նեղացնեն, նոր պատասխանենք նրանց: Ճիշտ է` լա՛վ ենք պատասխանում: Բայց միշտ հարցը մնում է` ե՞րբ են նորից հարձակվելու, որ մենք էլ նորից պատասխանը տանք»,– ասել է նա։
«Հրապարակ». Նվերներ ու նվաստացում Գառնիկիչից
«Հրապարակ» թերթը գրում է, որ դատախազության աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը պարգևատրել է նախկինում իր ղեկավարած այդ կառույցի աշխատակիցներին։ Սա միանշանակ չի ընդունվել դատախազությունում․ոմանք նախանձել են, որ իրենք չկան պարգևատրվածների շարքում, ոմանք էլ դա համարել են նվաստացուցիչ․«Ո՞նց կարող է քեզնից կարգավիճակով ցածր կառույցը քեզ պարգեւատրել»։ Կարծիք է շրջանառում նաև, որ Գևորգ Կոստանյանի ժամանակ Գառնիկիչը նման բան իրեն թույլ չէր տա։
«Հրապարակը» պարզաբանման համար դիմել է Քննչական կոմիտե, որտեղից հաստատել են, որ դատախազների տոնի առթիվ 11 դատախազ խրախուսվել է շնորհակալագրերով, կրծքանշաններով, մեդալներով. ևս երկուսը դրամական խրախուսանք են ստացել՝ 200 հազար դրամի չափով։ Իսկ թե ովքեր են այդ երկուսը, թերթի փոխանցմամբ, քննչականից պատասխանել են, որ անձնական տվյալներ չեն կարող հայտնել:
«Իրատես».«Սասնա ծռերի» ծեծ ու ջարդը իշխանությունում սուր են ընկալել
«Իրատես» թերթի դիտարկմամբ` «Սասնա ծռերի» դատավարության հարցում իշխանությունում մոտեցում կա` գործել հնարավորինս անաղմուկ եւ չխառնվել դատական գործընթացներին: Սակայն վերջին ծեծուջարդը, ըստ թերթի, լրիվ խառնել է իշխանության նախապես ծրագրած սցենարը:
«Իրավապահների մասնակցությամբ այս միջադեպը շատ ավելի սուր է ընկալել իշխանական վերնախավը, որը փորձում է հանրության աչքում քիչ կարևորել դատական գործընթացը: Ասում են` հիմա էլ իշխանությունում ամեն ինչ անում են, որ այս «արտակարգ պատահարը» արագ ու հեշտ հարթվի, ճիշտ այնպես, ինչպես այս դատավարության հետ կապված այլ խնդիրներ: Ասում են նաև, թե իշխանությունը գնում է գործընթացը դանդաղ «մաշեցնելու» ճանապարհով»,– գրում է թերթը: