ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Ուսումնական վարժանքի նախապես մշակված սցենարի համաձայն, ինչպես նշեց ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը, մետրոյի կայարանում որոտացած պայթյունից տուժել է 90 մարդ, որից 45-ը՝ վիրավորվել է:
Ու մինչև դեպքի վայր ժամանած փրկարարները տարհանում ու առաջին բուժօգնություն էին ցույց տալիս կայարանում տեղի ունեցած պայթյունից տուժածներին, լուր ստացվեց, որ տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, այս անգամ արդեն ընթացքի մեջ գտնվող մետրոյի վագոնում:
«Թունելի մեջ եղավ պայթյուն, ապա ծխի իմիտացիա, իբր, հրդեհ է բռնկվել, մարդկանց տարհանում են: Իմիջիայլոց, վարժանքին մասնակցում էին նաև փրկարար ծառայության քիմիկոսները, որոնք առաջին և երկրորդ պայթյուններից հետո գնահատեցին՝ քիմիական վտանգավոր տարր կա, թե՝ ոչ: Պարզեցին, որ վտանգավոր տարր չկա, որից հետո փրկարարները սկսեցին իրենց գործողությունները»,- հայտնեց Ղազարյանը:
Պայթյունից տուժած վիրավորներին տարհանելուց ու մետրոյի կայարանի տարածքն ազատելուց հետո դեպքի վայր ժամանեց նաև հրշեջ ջոկատը՝ պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մարելու համար:
Զորավարժանքն ավարտվեց, փրկարարներն ապացուցեցին՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ են կատարել իրենց պարտականությունները: Վարժանքին ներկա էր և փրկարարներին կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նաև ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։ Փրկարար ծառայության ղեկավարներն էլ խոստացան՝ վարժանքի ընթացքում գրանցած թերությունները կշտկեն ու հաջորդ անգամ ավելի կատարելագործված հանդես կգան:
Բայց փրկարարներին ու հատուկ միջոցների ներկայությունից անհանգստացած անցորդներին փրկարարների պրոֆեսիոնալ աշխատանքից առավել հուզում էր այն միտքը, որ վարժանքը երբեք իրականություն չդառնա: