«Առավոտ». Ալթունյանը Փաշինյանի հետ համաձայն է` կոտրած ոտքով գնում ես պոլիկլինիկա, բռնում մերսում են
Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև իրական փաստերի հիման վրա, բայց նաև ուշագրավ խոսակցություն է տեղի ունեցել։
«Փաշինյանը զավեշտալի դեպքեր էր նկարագրել, թե ինչպես է կատարվում սրտի անվճար ստենտավորումը։
«Մենք պայման ենք դնում, ասում ենք` պետք է շտապօգնությունով հասնես հիվանդանոց, և սրտամկանը պետք է մահանալու պրոցեսի մեջ լինի։ Ասում են` հարևանի 06-ով պետք է չգայիր, ոչինչ, որ շտապօգնությունը մի ժամ ուշացել է կամ մատոռը ճանապարհին խփել է։ Ասում են` գնա հետ, էդ շտապօգնությունը նստի, արի։ Երկրորդը` ասում են, ճիշտ է` երկու ժամից այդ ինֆարկտը ստանալու ես, բայց էս պահին կառավարության որոշման համաձայն` դեռ չես ստացել։ Արի գնա տուն, ինֆարկտը թող քեզ խփի` նորմալ, աբշիրնի, եթե բախտդ կբերի, կհասնես հիվանդանոց, այ էն ժամանակ մենք քեզ կստենտավորենք։ Տասնյակ տարի մարդիկ մահացել են այս պարզ խնդրի պատճառով»։
Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ Պարոն Փաշինյանի հետ, բայց այդ հարցը շտկելու համար մոտ 4 անգամ ավելի գումար է պետք։ Գումարի պակասից է։ Մեզ պետք էին ինչ-որ չափանիշներ, որ ամբողջ հիվանդներից ընտրեինք ինչ-որ մի խումբ, և որոշեցինք ընտրել նրանց, ովքեր անելանելի վիճակում էին»,-գրում է թերթը։
«Հայկական ժամանակ». Մոլեգնորեն հարստանում է
Թերթի տեղեկություններով` ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանը կամ բոլորին հայտնի ՍԱՍ-ի Արտակը գնալով հարստանում է։
«Նրա ունեցվածքին չափ ու սահման չկա։ Այս պահին տեղեկանում ենք` նրա տարեկան հայտարարագիրն ուսումնասիրելով։ Արտակ Սարգսյանն այս տարի հայտարարագրել է 3 բնակարան։ Դրանք նա ձեռք է բերել այս տարի։ Նա վարում է թանկարժեք մեքենաներ` TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 և MERCEDES-BENZ S550 մակնիշների։ Դրանք ևս ձեռք է բերել այս տարի։ Սարգսյանն ունի 4 տարբեր արժեքների բաժնետոմսեր։ Ամենաարժեքավորը գնահատվում է 412 մլն 525 հազար դրամ, մյուս երեքի արժեքը 50 հազար դրամ է։ Այս պահին նա, ըստ հայտարարագրի, իր հաշվին ունի կանխիկ 961 մլն 867 հազար դրամ և 100 հազար դոլար»,- գրում է թերթը։
«Հրապարակ». Ծանր էր տարել
Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին ազատելու Դավիթ Հարությունյանի որոշումը, ըստ թերթի տեղեկությունների, բավականին ծանր են տարել նախարարությունում։
«Նախարարությունում Գևորգյանին լավ են վերաբերվում։ Դեռևս Հովհաննես Մանուկյանի օրոք նշանակված կադրը շարունակեց պաշտոնավարել նաև Արփինե Հովհաննիսյանի ժամանակ, սակայն Դավիթ Հարությունյանի համար այլ չափորոշիչներ են գործում։ Արմեն Գևորգյաննն Ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ Գագիկ Գևորգյանի եղբայրն է։ Նա, ըստ տեղեկությունների, կարիերան սկսել է որպես բետոնագործ, այնուհետև շախմատի խմբակ է ղեկավարել, իսկ հետո դարձել է վիճակագրության, Պետռեգիստրի և վերլուծության նախարարության պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ»,- գրում է թերթը։
«Ժողովուրդ». Մենաշնորհ են ամրագրել
Թերթի տեղեկություններով` «Սպայկա» ընկերությունը Կրասնոդարի «Ռոզա վետռով» մեծածախ շուկայի հետ մեկ ամսվա մենաշնորհի պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի ծիրանը միայն իրենցից գնեն։
«Մանր, միջին, անտեղյակ արտահանողները Ռուսաստան հասցրած ծիրանը ստիպված հետ բերեցին, որի հետևանքով 1 օրում ծիրանի գինը ՀՀ-ում կտրուկ իջավ` 600 դրամից դառնալով 170-200 դրամ»,-գրում է թերթը։