ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով կառավարության 2017-2022 թվականների ծրագրին, նշեց, որ առկա են բոլոր հնարավորությունները սկսած ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ Նախագահն ընդգծեց, որ կառավարության ծրագրի հաստատմամբ` կարելի է ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը։
«Անցած ընտրություններում Հանրապետականը ստացավ անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար: Մեր ստացած մանդատը բավարար էր միայն Հանրապետականի ուժերով կառավարություն ձևավորելու համար: Սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով համագործակցությունը: Հայ Հեղափոխական Դաշնակցության մեր գործընկերների հետ միասին մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը վստահ եմ` ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները»,- ասաց նախագահը։
Միասնական և կուռ աշխատել. այս հորդորով նախագահը դիմեց կառավարության կազմին։
«Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»,- ասաց երկրի ղեկավարը։
Նախագահի խոսքով` Հանրապետականը պատրաստ է աշխատել բոլոր կառուցողական ուժերի հետ, բայց այդ դեպքում կան նախապայմաններ` պահպանել քաղաքավարության և բարեկրթության նորմերը։
«Ընդ որում ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում, հատկապես, եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավելու իրավիճակը»,-ասաց նախագահը։
Սարգսյանը հիշեցրեց, որ սահմանադրության վերափոխման անցումային շրջանում ենք։ Դա իր հերթին նշանակում է, որ մինչև մյուս տարվա ապրիլի կեսը պետք է կատարվեն բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ: Դրա համար նախագահը անհրաժեշտ համարեց նպատակասլաց աշխատանքը։
«Թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը: Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության՝ վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը: Ձեզնից յուրաքանչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի և օրինակ ծառայի ուրիշների համար: Ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլև մեր ընդհանուր առաջընթացը: Դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզմն ու տեմպը»,-ասաց երկրի ղեկավարը։
ՀՀ նախագահը շեշտեց, ոչ թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ հասարակության համար:
«Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, սակայն նաև՝ հետաքրքիր: Ակնկալում եմ, որ դուք շահախնդրությամբ և պատվախնդրությամբ կլուծեք այս կարևոր պահին մեր ծրագրերի իրականացմանը և մեր բոլորի առջև ծառացած խնդիրները: Մենք պետք է իրապես լծվենք այս աշխատանքներին: Հավատում եմ, որ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա ամբողջովին անել»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Նախագահի ելույթի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ բարդ ճանապարհ են բռնել, բայց նաև վստահություն հայտնեց, որ նախանշված ծրագրերը կիրագործեն։
Նախագահն էլ հավելեց` եթե հեշտ լիներ, մինչև օրս բոլոր խնդիրները լուծված կլինեին։
Նախագահ Սարգսյանը հեռացավ` բոլորին մաղթելով արդյունավետ աշխատանք։