Փաստաբանին կարող են զննել, բայց ոչ` խուզարկել։ Ներկայացնելով խնդրի իրավական կողմը` նշեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Զննության դեպքում զննողը դիտարկում է միայն այն, ինչ տեսանելի է իրեն` առանց միջամտության։ Օրինակ` զննում է պայուսակն առանց այն բացելու։ Բայց հենց պայուսակը բացեց, ձեռքը տարավ ներս, դա արդեն խուզարկություն է»,- մեկնաբանել է Արա Զոհրաբյանը։ Միաժամանակ, եթե փաստաբանն ինքն է դատական կարգադրիչի պնդմամբ բացում պայուսակը, իսկ վերջինը միայն դիտում է դրա ներսը, դա արդեն, ըստ Զոհրաբյանի, խուզարկություն որակվել չի կարող։
Զոհրաբյանը նաև կարևորում է փաստաբանի նկատմամբ խտրական վերաբերմունքը բացառելու հանգամանքը։ «Եթե դատական կարգադրիչը զննում է փաստաբանին, պետք է զննի նաև դատախազին։ Փաստաբանին չի կարելի նաև նվաստացնել, օրինակ` հասարակության աչքի առաջ ասել` պետք է պայուսակդ բացես, դրամապանակդ բացես, բանալիներդ հանձնես, քանի որ դա կարող է դիտվել փաստաբանին ճնշելու գործիք»,- ասաց Զոհրաբյանը։
Փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ խնդիրը քննարկել են նաև Դատական դեպարտամենտի ղեկավարի հետ, իսկ այսօր առավոտյան ինքն անձամբ է այցելել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան` տեղում ծանոթանալու փաստաբանների բարձրացրած խնդրին։
Նշենք, որ մի շարք փաստաբաններ հայտարարել էին, որ դատարան մուտք գործելիս իրենց խուզարկության են ենթարկում դատական կարգադրիչներն ու ոստիկանները։