ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հայաստանի և Վրաստանի միջև չկան քաղաքական խնդիրներ ու բարդույթներ։ «Մենք գործընկերներ ենք, հարևաններ ու լավ բարեկամներ ենք»georgi-gaxaria,- հունիսի 29-ին Երևանում անցկացվող գործարար համաժողովում հայտարարեց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան։ Որպես ամենահեռանկարային համագործակցության ոլորտներ վրաց պաշտոնյան նշեց գյուղատնտեսությունը, կապն ու տրանսպորտը, զբոսաշրջությունը։
«Մենք պետք է կարողանանք օգտվել միմյանց հաջողություններից, որպեսզի համատեղ ուժերով ու համատեղ արտադրություններով կարողանանք դուրս գալ երրորդ երկրների շուկաներ»,- ասաց Գեորգի Գախարիան` հավելելով, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունը մեծ ներուժ ունի։
«Կարծում եմ` 350-400 մլն դոլարի տարեկան ապրանքաշրջանառությունը երկու հարևան երկրների միջև չափազանց ցածր ցուցանիշ է, և մենք պետք է ավելացնենք այն»,- ասաց նա։
Հետաքրքրական է, որ Վրաստանի նախարարը որպես համագործակցության խոստումնալից ոլորտ իր ելույթում հատուկ ընդգծեց ձկնաբուծությունը` նշելով, որ վրաստանյան այդ ոլորտի ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի իրենց գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ հայտնեց, որ վրացի գործընկերոջ հետ այսօր առավոտյան քննարկել են համագործակցության հեռանկարները` մասնավորապես` երրորդ երկրներից ներմուծվող ապրանքները միմյանց արտադրանքով փոխարինելու հնարավորությունը։
Վրաստանից համաժողովին մասնակցում է շինարարական, ձկնաբուծական, էներգետիկայի, գյուղմթերքի վերամշակման բնագավառը ներկայացնող ավելի քան 30, Հայաստանից` 120 ընկերությունների ներկայացուցիչ։
«Մենք ներկայացնելու ենք մեր ազատ տնտեսական գոտիների հնարավորությունները, որտեղ մեր վրացի գործընկերները հնարավորություն կունենան ներդրումներ անել և մտնել նաև ԵԱՏՄ և իրանական շուկաներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։
Տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատների նախագահները ստորագրեցին համագործակցության հուշագիր։