ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Ռուսաստանում քննիչները պարզում են, թե ով կարող էր կազմակերպել «Кап-строй» շինարարական ընկերության ղեկավար Վաչիկ Աբգարյանի վրա զինված հարձակումը: Իրավապահները չեն բացառում, որ գործարարի վրա հարձակվելու պատճառ կարող էին լինել բիզնեսում տարաձայնությունները։ Այս մասին գրում է life.ru-ն:
Լրատվամիջոցի տվյալներով՝ 2016 թվականի հունիսից «Кап-строй»-ը որպես վարկատու պահանջում է սնանկ ճանաչել «Մոսկվայի Զելենոգրադի վարչական շրջանի ձեռնարկատիրության զարգացման կենտրոն» ոչ առևտրային ընկերությանը: Նշվում է, որ մինչ այժմ դա անել չի հաջողվել:
«Кап-строй» ընկերությունը մայրաքաղաքի իշխանությունների հետ աշխատող ամենախոշոր ընկերություններից էր:
Այսօր հայտնի է դարձել, որ 57-ամյա ձեռնարկատեր Վաչիկ Աբգարյանի ուղղությամբ կրակ են բացել Մոսկվայի Վերեյսկայա փողոցի վրա գտնվող գրասենյակի մոտ: Փամփուշտը դիպել է նրա կրծքավանդակին: Նա հոսպիտալացվել է: Բժիշկները տղամարդու մոտ գրանցել են կլինիկական մահ:
Հայտնի է, որ գործարարին ավտոմեքենայով գրասենյակ էր բերել որդին։
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են նաև, որ գործարարն ինքնասպանություն է գործել։