ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսալեզու լրագրողների խումբը Իսրայելից Հայաստան է ժամանել եռօրյա այցով։ Նրանք արդեն եղել են Հայաստանի տեսարժան վայրերում և պատրաստվում են այդ մասին պատմել իսրայելցիներին։
«Աշխարհում մարդիկ միլիոններ ու միլիարդներ են ներդնում էկոտուրիզմի զարգացման գործում, իսկ ձեզ մոտ բոլոր պայմաններն ի սկզբանե կան», – հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչներին ասաց լրագրող Լեոնիդ Լուցկին։
Նրա խոսքով` միայն Սևանա լճի խեցգետինների միջոցով կարելի է «որսալ» Իսրայելի բազմահազարանոց բնակչությանը և բերել Հայաստան։ Լեոնիդին անչափ տպավորել են նաև «Փիթին», խեցգետինն ու համեղ կոնյակը։
Իսրայելի «Առաջին ռադիոյի» հաղորդավար Պավել Մարգուլյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը գովազդի կարիք ունի և այդ առումով զիջում է հարևան Վրաստանին։ Նրա խոսքով` վրացիներն այդ ուղղությամբ լուրջ ներդրումներ են անում։
«Մենք, որպես իսրայելական ԶԼՄ–ների ներկայացուցիչներ, կարող ենք նպաստել երկկողմանի զբոսաշրջության զարգացմանը։ Իսրայել վերադառնալուն պես մենք կաշխատենք ՀՀ քաղաքացիների համար վիզաները չեղարկելու ուղղությամբ, ինչպես նաև առաջ կտանենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը», – ասաց «Իսրայելի ձայնը» ռադիոկայանի հաղորդավար Զվի Զիլբերը։
Նա համոզված է, որ հրեաները, որպես Հոլոքոստ տեսած ազգ, պետք է առավել ազգայուն լինեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Պատմական արդարությունը պետք է վերականգնվի, նույնիսկ եթե այժմ հակասում է Իսրայելի արտաքին քաղաքականության որոշ շահերին։
«Աշխարհում սփռված հայկական ու հրեական համայնքները միշտ կողք կողքի են ապրել, մենք գիտենք` մեր երկրների միջև հարաբերությունները միջազգային քաղաքականության և աշխարհաքաղաքական հարթություններում կատարյալ չեն։ Սակայն մենք հավատում ենք ժողովրդական դիվանագիտությանը», – ասաց Զիլբերը։
Իսրայելցի լրագրողների խումբը` Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել հունիսի 22-ին։