Դարերի ընթացքում իշխանը համարվում էր Սևանի հիմնական ձկնորսության աղբյուրը։ ХIХ դարի սկզբին, երբ ժամանակակից Հայաստանի տարածքը մտավ Ռուսաստանի կայսրության կազմի մեջ, լիճը հատուկ կարգավիճակ ստացավ։ Ռուս տիրակալի հրամանով իշխանի որսի համար որոշակի սահմանափակումներ էին մտցվել, իսկ ձվադրման ժամանակ ամբողջությամբ արգելվում էր իշխան որսալ։ Այդ սեզոնին չէր թույլատրվում նույնիսկ պսակադրության արարողություններ անցկացնել ափամերձ գյուղերի վանքերում, որպեսզի զանգերի ղողանջը չազդի ձվադրման գործընթացին։ Կազակների հատուկ խումբը ափամերձ տարածքներում հսկողություն էր սահմանում և կարող էր կրակ բացել որսագողերի վրա։ Սակայն այդ հնարավորությունից նրանք չեն օգտվել ոչ մի անգամ ։ Տեղի բնակչությունն օրինապահություն էր դրսևորում։
Սևանա լիճ է թափվում 28 լեռնային գետ։ Իշխանն առաջացել է նման վտակներից մեկի բնակիչներից` կարմրախայտ ձկնատեսակից։ Դրան նպաստել է լճի բացառիկ կենսոլորտը։ Սևանի ջրի մակարդակի արհեստական իջեցումից հետո, ХХ դարի կեսերին հանրապետության ինդուստրացման ժամանակ, ձկնաբուծության պայմանները վատթարացան։ Այսօր իշխանը գրանցված է Կարմիր գրքում։
Ի սկզբանե լճում բնակվում էին իշխանի չորս տեսակներ` բոջակ, ամառային ու ձմեռային իշխան և գեղարքունի։ Դրանցից երկու տեսակն արդեն վերացել են։ Այժմ բնական միջավայրում դրանք վերականգնելու փորձեր են արվում։ Ժամանակին լճում 95 սմ երկարություն և 16 կգ քաշ ունեցող ձկներ կային։ Նախագծի հեղինակները հույս ունեն, որ նման բնակիչների մենք կրկին կտեսնենք շուտով Սևանի ստորջրյա աշխարհում։