ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Հունիսի 25-ի երեկոյան` ժամը 23։15-ի սահմանում Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 1987 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը` որովայնի շրջանում հրազենային վնասվածքով։
Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ տուժածը վիրահատվել է, վիճակն այս պահին կայուն ծանր է, համապատասխանում է կատարված վիրահատությանը։
Ի դեպ, Հակոբյանն ինքնուրույն է գնացել հիվանդանոց։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ բժշկական կենտրոնից հաղորդագրություն ստանալով` կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ դեպքի վայրից հայտնաբերվել են պարկուճներ։
«Իմ հանձնարարականով` հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34/104 հոդվածի և 235 հոդված 1-ին մասերով։ Կատարվում է նախաքննություն։ Տուժածին չենք կարողացել հարցաքննել, քանի որ նա ի վիճակի չէր պատասխանել հարցերին»,- ասաց նա։
Այս պահին կատարում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները և մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։