ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ռուս Նիկոլայ ցարին, Վլադիմիր Պուտինին, Ալեքսանդր Պուշկինին, Մաքսիմ Գորկուն, Կոմիտասին ու այլոց հյուրընկալած Գյումրին 2016 թվականի հունիսի 25-ին հյուրընկալեց նաև Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապին: Սրբազան քահանայապետն էլ ոչ միայն հյուրընկալվեց, այլև կենտրոնական հրապարակում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց։ Շնորհակալ գյումրեցին, ի հիշատակ և որպես երախտիք Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Գյումրի կատարած այցի, մեկ տարի անց նույն օրը հավերժացրեց հիշատակի կոթող-հուշարձանով:
Գյումրու «Սև Բերդ» ամրոցի տարածքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ, հունիսի 25-ին բացվեց կոթողը, որն իրենից ներկայացնում է փակ խորան, որտեղ տեղադրված է այն նույն սեղանը, որի մոտ Ֆրանցիսկոս պապը սուրբ և անմահ պատարագ մատուցեց: Տեղադրված է նաև բեմում դրված խաչքարը և սրբազան Պապի այցի մասին պատմող լուսանկարներ:
Հուշակոթողի բացման պատիվը տրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանին:
«Ուղիղ մեկ տարի առաջ Գյումրիում իրադարձություն էր: Գյումրու կենտրոնական հրապարակում՝ Գյումրու երկու սուրբ եկեղեցիների միջև, պատարագ մատուցվեց Պապի ձեռամբ: Բոլորս, անկախ մեր դավանական պատկանելությունից, հուզումնառատ օր ապրեցինք, և այսօր մեր քաղաքապետը փորձեց մեզ վերհուշի բերել և մեկ տարի հետո այս հուշակոթողը բացեց, որպեսզի ընդմիշտ հիշվի այդ այցը: Հռոմի սրբազան քահանայապետը չեկավ միայն կաթողիկե համայնքի համար, այլ եկավ նաև իր եղբայրական սերն արտահայտելու առաքելական եկեղեցու հետևորդների մեծ բանակին»,- նշեց թեմակալ առաջնորդը:
Ի դեպ, սա Սրբազան քահանայապետի այցը հիշեցնող միակ վայրը չի լինի. կաթոլիկների մեծ համայնք ունեցող մարզի մեկ այլ վայրում կտեղադրվի նաև խորանը:
«26 մետր երկարությամբ և 12 մետր խորությամբ խորանը տեղադրվելու է Թորոսի կաթողիկե համայնքին պատկանող ճամբարի տարածքում՝ շրջապատված 50 խաչքարերով՝ դառնալով ևս մեկ սրբատեղի»,- տեղեկացրեց Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը:
Հիշեցնենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակում 2016 թվականի հունիսի 25-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած սուրբ պատարագին աղոթակցեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, համապատարագեցին Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը, ինչպես նաև Հայաստանում հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Պատարագը լատինական ծեսով էր և ուղեկցվում էր նաև հայկական շարականներով: