ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Ստավրոպոլում անցկացվող «Գարուն թագուհի 2017» գեղեցկության միջբուհական մրցույթին` ի դեմս Ստավրոպոլի գեղեցկուհի Քրիստինե Միրզոյանի, Հայաստանը կներկայացնի Երիտասարդության ռուս-հայկական միությունը։
Մրցույթին մասնակցում են ԱՊՀ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ երկրների բուհերի ուսանողուհիները։
«Նման մրցույթում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունն ամեն օր չի տրվում։ Սա մեծ պատիվ է ու պատասխանատվություն»,- նշել է 2017 թվականին Ստավրոպոլի գեղեցկուհի ճանաչված Քրիստինե Միրզոյանը։
Մրցույթի կազմակերպիչներ «Երիտասարդության ռուսական միություն» հկ-ի և «Երիտասարդության բելառուսական հանրապետական միություն» հասարակական միավորման ներկայացուցիչների խոսքով` մրցույթի գաղափարը մեկն է` գեղեցկությանը զուգահեռ ներկայացնել գեղեցկուհի ուսանողների հոգևոր և մտավոր ունակություններն ու ստեղծագործական հմտությունները։
Մրցույթը կանցկացվի Ստավրոպոլում հունիսի 23-ից 27-ը։