Կառավարությանը ներկայացված նախագծին կից հոդվածով ամրագրված է, որ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումների մինչև 170 միլիոն խմ չափաքանակը կարող է փոխվել տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում։
«Այս պահին առկա են փոփոխման համար նախատեսվող բոլոր հիմքերը` պայմանավորված 2017 թվականի եղանակային պայմաններով, իսկ ջրամբարների առավելագույն լցվածությունը 2016 թվականի համեմատ 120 միլիոն խմ-ով պակասել է»,-կառավարության նիստի ժամանակ ասաց Ջրային պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը։
Խնդրի լուծման համար նախագծով առաջարկվում է Սևանա լճի լրացուցիչ 100 միլիոն խմ ծավալով ջրբացթողում, որով կլրացվի Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարան-Ազատ ջրամբարների թերլցվածությամբ պայմանավորված դեֆիցիտը։
«Չեն գործարկվի նաև Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանները։ Լրացուցիչ ջրառը Սևանի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն չի ունենա։ 2016 թվականի հունիսի 20-ի 2015 թվականի նույն օրվա համեմատությամբ Սևանա լճի մակարադակն ավելացել է 16 սմ-ով։ Տարբերության առավելագույն ցուցանիշը ֆիքսվել է 2016 թվականի օգոստոսին` 32 սմ»,-ասաց Ջրային պետական կոմիտեի ղեկավարը։
Հարությունյանի խոսքով` լրացուցիչ 100 միլիոն խմ ջրբացթողումը կարող է բերել լճի մակարդակի 8 սմ անկման։
Նախագիծը ներկայացնելուց հետո բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 2 օր ժամանակ խնդրեց փաստաթղթերը կազմելու համար։