ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. 2018 թ-ին Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակում Հանրապետության հրապարակի մոտ վեր է խոյանալու Առաջին հանրապետության հիմնադիր, հայ ազգային-ազատագրական պայքարի, հասարակական-քաղաքական, ռազմական, ականավոր գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Նման որոշում է կայացրել Երևանի քաղաքապետարանը և հայտարարել մրցույթ, որի վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է։
Հուշարձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական և հասարակական գործչի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը:
Հուշարձանի տեղադրումը նախատեսվում է Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում։
Առաջին մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը) կստանա հուշարձանն իրականացնելու իրավունք: Երկրորդ մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը) կպարգևատրվի 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Երրորդ մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը) կպարգևատրվի 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:
Հուշարձանի գաղափարական հորինվածքը, չափերի և նյութի ընտրությունը թողնվում է հեղինակի հայեցողությանը։