ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի արդյունքում հրապարակած հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այն մատչելի է, հրապարակված է համապատասխան կայքերում, ուստի հնարավոր է ծանոթանալ դրան»,- ասել է Զախարովան` անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության առնչությամբ։
«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այն լիովին արտահայտում է խնդրի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը»,- նշեց Զախարովան:
Զախարովան նաև արձագանքել է այն հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր քննարկվե՞լ են ՌԴ-Ֆրանսիա ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ նման հարց չի քննարկվել:
Հարցին, թե ռուսական կողմն ինչպես է մեկնաբանում սահմանին տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով վերջին լարվածությունները, Զախարովան պատասխանել է. «ԼՂ հակամարտության կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ օրակարգում»: