ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Ստոկհոլմի հռչակավոր Վասա թատրոնում, որը երկարամյա վերանորոգումից հետո նոր է բացել դռները հանդիսատեսի առջև, կայացավ «Forceful feelings» հայկական բալետային համույթի ներկայացումը Ստոկհոլմի թագավորական բալետի, Բավարիայի և Բեռլինի պետական բալետների հայ և օտարազգի մենակատարների մասնակցությամբ՝ նվիրված մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդ դարին։ Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու շվեդ, հայ և համաշխարհային այլ նշանավոր խորեոգրաֆներ Մաթս Էկի, Նաչո Դուատոյի, Արսեն Մեհրաբյանի, Յիրի Բուբենիչեկի, Դասթին Քլայնի, Յոհան Ինյերի եւ այլոց ստեղծած բալետային համարները։
Հայ-շվեդական պատմական առնչությունների ու քառորդդարյա միջպետական հարաբերությունների վերաբերյալ ընդգրկուն ելույթի ընթացքում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց հայ-շվեդական քաղաքական երկխոսության, տնտեսական կապերի, կրթամշակութային փոխանակումների առաջընթացը դիվանագիտական հարաբերությունների կնքումից ի վեր։
Թագավորական արքունիքի գլխավոր արարողապետ, Հայաստանում Շվեդիայի նախկին դեսպան Յոհան Մոլանդերն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությանն ու պատմական անցյալին, Հայաստան-Շվեդիա հարաբերություններին, վստահություն հայտնեց, որ դրա էլ ավելի զարգացմանը խորապես նպաստի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ ու ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը և իրագործումը։ Հանդիսավոր արարողությանը և բալետային ներկայացմանը ներկա էին շուրջ երեք տասնյակ դեսպաններ, բազմաթիվ պատգամավորներ, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, դիվանագետներ, մամուլի ներկայացուցիչներ, շվեդահայ համայնքի անդամներ:
Թատրոնի նախասրահում հյուրերը կարող էին ծանոթանալ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» շարքի մի շարք լուսանկարների։
Ստոկհոլմում ՀՀ դեսպանությունում ևս տեղի ունեցավ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» շարքի ամբողջական ցուցադրությունը և հանդիպում նկարչի հետ։ Ցուցահանդեսի բացմանը դեսպան Ապիտոնյանը ներկայացրեց լուսանկարչին, նրա անհատականացված մոտեցումները նույնիսկ խիստ արարողակարգային իրավիճակներում։ Այնուհետև Դավիթ Հակոբյանը ներկայացրեց որոշ լուսանկարների ստեղծման հետաքրքիր պատմությունները։