ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Գաղափարի հեղինակն ու ցուցահանդեսի կազմակերպիչը ռեժիսոր և լուսանկարիչ Էրիկա Բադալյանն է։ Երբ Էրիկան ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հիվանդանոցում հայտնվեց, նրա մոտ միտք ծնվեց պատկերել մարդկանց վիրահատությունների ժամանակ, երբ նրանք իրենք իրենց չեն կարող տեսնել։
«Այս ցուցադրությամբ ես ուզում եմ ընդգծել, որ բժշկությունն արվեստ է», – Sputnik Արմենիա մամուլի կենտրրոնում ասուլիսի ժամանակ ասաց Բադալյանը։
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է պետության ուշադրությունը սևեռել կանանց առողջության պահպանման խնդրին։ Ցուցահանդեսի անվանումը պատահական չէ ընտրված։ Էրիկան շատ ջանք է թափել` վիրահատարանում նկարահանումներ կատարելու թույլտվություն ստանալու համար, քանի որ, որպես կանոն, կողմնակի մարդկանց մուտքն այնտեղ արգելված է։
Լուսանկարները հրապարակելու թույլտվություն Էրիկան ստացել է անհատական կարգով` ամեն մի վիրահատվողից առանձին։
«Փակ արհեստանոցը» թույլ նյարդերի տեր մարդկանց համար չէ, կարծում է մամուլի ասուլիսի մյուս հյուրը` Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը։
«Մի քանի ամիս առաջ Էրիկան եկավ դեսպանատուն և պատմեց իր գաղափարի մասին։ Ես միանգամից համաձայնեցի` նախագիծն ինձ արտասովոր թվաց։ Էրկայի հետ պատահածը ոչ միայն չկոտրեց նրան, այլև ուժ տվեց իրականացնել ստեղծագործական պլանները»,– ասաց Գասսերը։
ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ, անվանի պրոֆեսոր Արթուր Սալիբյանը օգնում է կրծքագեղձի քաղցկեղ ունեցած հայ կանանց պայքարել վիրահատության հետևանքների դեմ։
«Միակ մարդը, որը չմերժեց ինձ դեսպան Գասսերն էր։ Այսօր ես այստեղ եմ, որպեսզի պատմեմ հայրենակիցներիս իմ փորձի մասին։ Կարևոր է նշել, որ մենք կոսմետիկ վիրահատություններ չենք անում», –ասաց Սալիբյանը։
Պրոֆեսորը պարզաբանում է`վիրահատությունը կարելի է իրականացնել միայն փոքր ուռուցքի դեպքում։
«Փակ արհեստանոց» լուսանկարչական ցուցահանդեսին նաև ներկայացրած են կադրեր, որոնք արվել են կրծքագեղձի վերականգնման ընթացքում։