ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հենց տեղում մասնագետների հետ քննարկել է բազմապրոֆիլ արդիական բժշկական կենտրոնի արդյունավետ կառավարմանը, կազմակերպվող ծառայությունների որակի ապահովմանը, ինչպես նաև համալիրի պահպանման ծախսերը նվազագույնին հասցնելուն վերաբերող հարցեր։
Այնուհետև նախարարը Հայկական ակնաբուժական ծրագրի համակարգող Նունե Եղիազարյանի ուղեկցությամբ այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն։ Չնայած ուշ ժամին, շարունակվում էին աչքի կատարակտի անվճար վիրահատությունները թե՛ Հայկական ակնաբուժական նախագծի «Լույս հայի աչքին», թե՛ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում։
Բոլոր, այդ թվում` խորացված հետազոտությունները և վիրահատություններն իրականացվում են Հայկական ակնաբուժական նախագծի կողմից նվիրաբերված սարքավորումներով հագեցած բաժանմունքում։ Ավելին` նախագծի վիրահատող բժիշկը իր փորձը հաղորդել է Սպիտակի բժշկական կենտրոնի մասնագետներին։