ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։ ՀՀ ոստիկանության կողմից կատարված ստուգումներով եւ ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված, 16․11․1974 թ․ ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։
Զ․Կարապետյանը ծնվել է Նոր Խարբերդ ավանում։ Մայրը` Մ․ Կարապետյանը, եղել է Խարբերդի հաշմանդամների տան շահառու։ 1978 թ․ Զավեն Կարապետյանն ընդունվել է Գավառի մանկատուն, որտեղից դուրս է գրվել 1982 թ․և տեղափոխվել մայրաքաղաքի Սովետաշենի օժանդակ դպրոց։ 1994 թ․աշնանը Զ․Կարապետյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաք ու մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի կողմից տրամադրված տնակում` օժանդակ դպրոցի նախկին սաներից մեկի հետ, հետո միայնակ է բնակվել Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում տեղադրված և իրեն հատկացված տնակում։
Հաշվառման վայր չունենալու պատճառով 2004 թ․հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում և նույն թվականին Վանաձորի անձնագրային բաժանմունքի կողմից ստացել անձնագիր։ Անձնագրի վավերականացման տասնամյա ժամկետը լրանալուց հետո չի դիմել նոր անձնագիր ստանալու համար։
Զ․Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։ Զ․Կարապետյանը հետագայում ապամոնտաժել ու վաճառել է իր տնակը և դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։